«Անանդան և մահը»
Հեղինակ՝ Ավետիք Իսահակյան
Երբ Անանդան1 գնում էր Հիմալայի սրբազան անտառների լռության մեջ ներանձնանալու2, մահը, ուրիշներին անտեսանելի, ցցվեց նրա առաջ:
Եվ սևեռելով Անանդայի վրա իր անհուն աչքերը, ուր խավար ունայնությունն է անծայրանում, հրամայեց, չոր ծնոտները զարհուրագին չխկչխկացնելով.
-Անանդա, դո՛ւ պետք է մեռնես…
Անանդան այդ միջոցին այլևս ոչինչ չլսեց, ոչինչ չտեսավ, բայց միայն վայրկենական մի ամբողջ հավերժության մեջ զգաց մի ահեղ, անարտահայտելի,
մինչ այդ իրեն անծանոթ մի սարսափ իր ողջ էության մեջ, ամեն հյուլեներում…
Երբ անցավ վայրկյանի հավերժությունը՝ Անանդան հազիվ աչքերը բացեց և իրեն զգաց մի ամայի վայրում, գետնին գամված, ամբողջ մարմինը այնպես ծանր,
որ կարծես հսկա ժայռերի ծանրության տակ ճզմված լիներ, և բոլորովին անկարող էր դույզն-ինչ3 շարժում անել:
Եվ գլխի վերև կանգնած էր մահը`վիթխարի թիկունքով արևը ծածկած, որով ողջ երկինքն ու երկիրը թանձր մութի մեջ շաղախվել էին:
Կանգնած էր մահը, որի աչքերի մեջ ունայնանում էին հույսեր և աստղեր, սեր և աշխարհներ, հանճար և իմաստություն`ամեն ինչ, և ուր միայն
սոսկալի անհուսություն էր անծայրանում:
Եվ կանգնած էր նա կմախքի ծնոտները չխկչխկացնելով :
- Ո՞վ ես դու,- վերջին ուժերը հավաքելով հարցրեց Անանդան` ատամներն իրար զարկելով փշուր-փշուր և երկյուղային դողալով:
- Ես ոչինչ եմ և ոչնչություն, կյանքի և նյութի կործանողը, ես տիեզերքի տերն եմ միահեծան: Ես մահն եմ:
- Ո՛վ մահ, մեծ, ահավոր և անմահ իշխան, ինչի՞դ է պետք իմ չնչին էությունը-մի արհամարհելի հյուլե…խնայիր ինձ, շնորհ արա ինձ ապրել, թող ապրեմ,
իմ էությունը չի ուզում մեռնել, չի կարող ուզենալ մեռնել…
___________
1 Անանդա- Բուդդայի մերձավորագույն աշակերտը
2 Ներանձնանալ -ինքն իր մեջ ամփոփվել, խորասուզվել մտքերի մեջ
3 Դույզ- քիչ, փոքր, սակավ, չնչին, դույզն-ինչ _ փոքր-ինչ
- Ես ոչինչ չեմ հասկանում,- որոտաց մահի չոր ձայնը: - Ես անհրաժեշտություն եմ, անբեկանելի, անխուսափելի, անպարտելի: Պետք է մեռնես, Անանդա:
- Ես չեմ հասկանում դրսից եկած անհրաժեշտությունը: Ես էլ եմ անհրաժեշտություն,- ասաց Անանդան սրտապնդվելով: Անհրաժեշտը իմ Եսն է, հասկանո՞ւմ ես…
- Օ՛հ…- ձանձրացած և ձանձրույթից զայրացած չխկչխկաց մահը. - ի՜նչ երկարախոսն ես եղել. և դեռ լեզուդ դառնում է: Շուտ պատրաստվիր մեռնելու:
Եվ մահը այնպես ահեղ և կործանիչ հայացք ձգեց աչքերի անհույս և զարհուրելի անդունդներից, որ Անանդան մազ մնաց հալվել,
աննյութանար…ապա սրտառուչ աղերսանքով թախանձեց մահին .
-Ո՜վ մահ, աղաչում եմ լալագին, եղի՛ր քո հավերժական անգթության մեջ գոնե մի անգամ բարի և թույլ տուր ապրեմ, միայն թե ապրեմ,
նույնիսկ դժոխային անվերջ տառապանքով լի: Միայն թե ապրի իմ եսը, որ չխորտակվի այս հոյակապ,
գեղեցիկ տիեզերքը, որ ստեղծել եմ ինքս և փռել իմ շուրջը:
Եվ մահը իր հավերժական գոյության մեջ միայն մի անգամ, և այս անգամ, խղճահարվեց՝ տեսնելով հուսահատությունը մեռնող մարդու,
որ գալարվում էր տագնապի մեջ, և ասաց.
- Շատ լավ: Ես քեզ կտանեմ Հարա-Բերեզատիի ապառաժոտ գագաթը, ուր սառնաշունչ մրրիկներ են ոռնում գլխիդ վրա,
իսկ ոտքերիդ ներքև անհատակ անդունդ է խորանում, ուր ահեղամռունչ օվկիանոսն է շառաչում, և այնտեղ երեսիդ վրա կձգեմ քեզ մի դար ամբողջ, կգամ, և կմեռնես:
- Այո՛, - ուրախագին պատասխանեց Անանդան:
Եվ մահը քարշ տվեց Անանդային, տարավ Հարա-Բերեզատի, ձգեց երեսի վրա լեռնեգագաթի մի սառցապատ ժայռի ծայրին, և ինքն հեռացավ :
____________
Երբ ազատվեց մահի սարսափելի ներկայությունից, երջանիկ շունչ քաշեց Անանդան և անդորրացած` խոսեց իր սրտի մեջ:
- «Ահա թե ով է ճմլում մեր սիրտն այսքա՛ն անողորմ, այսքա՛ն անգութ հավերժապես- մահն է դա:
Մահն է ճմլում մեր սիրտը, այսպես դաժան և անխիղճ, մեր ծնած օրից իսկ:
Նա ամեն ժամ հանապազ քամում է մեր էությունը, և մեր եղկելի կյանքը թաթախված է մահի սարսուռով»:
Եվ տարիները գլորվում էին Հարա-Բերեզատիի գագաթից` գահավիժող ժայռերի նման:
Եվ Անանդան խորհում էր խորասույզ և խոսում էր իր սրտի հետ:
- «Ի՞նչ է մահը...– Ես անհրաժեշտություն եմ, - ասաց ինձ մահը, - դու պետք է մեռնես:
Նա անգութ, անհաղթ և բռնակալ անհրաժեշտություն է: Նա տիեզերական այն մեծ մուրճն է,
որի հարվածների տակ պիտի փշրվեն և` փոշիանան բոլոր նրանք, ինչ որ ծնունդ և սկիզբ են առել:
Պիտի ցնդեն և ունայնանան և չէանան և՛ Հիմալայները, և՛ օվկիանոսները, և՛ Ծիր-Կաթինները, և՛ արևները բոլոր, և ամեն ինչ,
որ կա ժամանակի և տարածության մեջ, ինչ որ ես եմ ստեղծել:
Տիեզերքի տերը միահեծան ես եմ, ասաց ինձ մահը: Ուրեմն պիտի մարի և չքանա տիեզերական կյանքը,
և մահի անվախճանությունը պիտի տիեզերակալե, եթե իրոք, մահն է միահեծան տիրանը ժամանակի և տարածության վրա.
հետևապես նրանից առաջ մահն է իշխել և նրանից հետո մահն է իշխելու:
Ուրեմն հզոր է մահը տիեզերքից, և անծայրածիր տիեզերքը նրա առջև` մի հյուլե նսեմ:
Տիեզերական այս անպարտելի կյանքի տենչանքը, ուրեմն, տիեզերական հյուլեի անհույս կռիվն է մահի դեմ, որն անպարտելի է և անմահը միայն»...
Այս մտքի վրա սառսուռով սոսկաց Անանդան, և նորից լսեց ծնոտների սասանիչ չխկչխկոցը, սակայն մահը տակավին չէր եկել, այլ թվացումն էր սոսկ միայն...
- «Երբ համայնապարփակ, տիեզերատարած մահը շնչե, աշխարհները պիտի եղծվեն1, և ինքը միայն պիտի գահակալե:
Եվ քանի որ նրանցից առաջ և նրանցից հետո միայն մահն է ծավալվում և իշխում,
ուրեմն մենք մահի մեջ խրված ենք եղել միշտ, և ուրեմն տիեզերական կյանքը մահի մեջ մի վայրկենական մղձավանջային երազ է, որը և կա, և չկա»...
Այս գաղափարի մասին խորհեց նա տարիներով, որոնք գլորվում էին Հարա-Բերեզատիի գագաթից գահավիժող ժայռերի նման:
- «Օհ, հավերժորեն, անհունորեն սարսուռ եմ զգում...որքա՜ն թշվառ եմ ու խեղճ, և դարեր, անթիվ դարեր,
հավիտյաններ էլ չեմ զգալու, և խորհելու, և ստեղծելու:
Սարսափելի է, սարսափելի է:
Եվ միայն այս միակ խոսքը անջինջ կմնա իմ հոգում, եթե մոռանամ բոլոր խոսքերը լեզվի, միայն մի բառ, որով կարելի կլինի հայտնել այն,
ինչ զգում է բոլոր բովանդակ հոգիս մահի դիմաց.
Սարսափելի է, սարսափելի է:
Մահը – այդ միակ վիշտն է տիեզերական, միակ բռնությունը ժամանակի վրա, միակ իշխանը տարածության վրա, որ անիմաստացնում է իրերը բոլոր:
Մահը, մահը...»:
1 Եղծվել-այստեղ`ոչնչանալ, դադարել գոյություն ունենալուց
Անանդան սարսափով, տարիներ կրկնում էր մահ բառը. և ամեն անգամ կրկնելիս բզիկ-բզիկ հոշոտում էր նրա ոզջ էությունը` հոգի և մարմին:
- «Կյա՛նք, դո՛ւ ես վառում արևները երկինքներում և սերը սրտերում, սակայն դժխեմ մահը մարում է արևները և սերերը պայծառ:
Կյա՛նք, դու ես հյուսում շքեղ, գարնանային անուրջները, բոլոր երգերը ծաղկաբույր, սակայն դաժան մահը ցնդում է անուրջները և երգերը չքնաղ:
Կյա՛նք, դու ես ձևում ու կաղապարում գեղեցիկ իրերը և ներդաշնակում աստղերի պարսը,
սակայն անիմաստ մահը հյուծում է դաշն ձևերը գեղեցկության և թոհ ու բոհի վերածում աստղերի համերգը:
Ավա՛ղ, և բյուր ավա՛ղ կյանքին...»:
-------------------------------------------------
Եվ դառնագին խորհում էր Անանդան` անհույս և հոգեմաշ, և լալիս էր առանց արցունքի, որովհետև վաղուց է, որ քարացել էին արցունքները նրա աչքերում:
- «Սակայն մի՞թե իրավ վատ է մահը, մի՞թե նա այդքան տաժանելի է»,- այս հարցը հանկարծ փայլատակեց նրա քրքրված հոգում:
«Ի՞նչ է կյանքը... Մի՞թե ես սիրում էի կյանքը, երբ քայլում էի նրա ուղիով: Հիշում եմ, որքան եմ նզովել կյանքը.
ի՛նչ հեղձամղձուկ1 էր աշխարհը և տաղտկալի, և արդարև ի՞նչ կար կյանքում:
Եվ իսկն ասած` ես շատ սիրելուց հոգնել էի արդեն, և ո՞վ էր հասկանում սերը: Ես շատ ատելուց զզվել էի արդեն, և շատ տանջվելուց քարացել էի,
բայց ամեն ոք նորանոր տանջանքներ էր նյութում ինձ:
Թող փշրվի կյանքի սափորը, որ լիքն էր աղի ջրով, որ ինչքան խմում էիր, այնքան ավելի ծարավում` այրվելով խմում վերստին և զզվում,
բայց բնավ չհագենում: Եվ մի՞թե կյանքը այն մշտական պապակը չէր, այն տենչն ու տանջանքը տոչորուն, որ կրում էի սրտիս մեջ երկրի երեսին խարխափելիս.
այն անհագուրդ կամքը ապրելու, գոյության...և ինչու՞ համար լինել...
Եվ որքան տառապանք ուներ կյանքը և խոշտանգում. և մի՞թե արժեր ապրել կրելու համար այն փշե-տանջանքները, որ կրծում էին հոգիս ու արյունոտում
սիրտս,- կրել ծաղրը մարդկանց, հասարակաց կարծիքն անարդար, զրպարտությունը լրբենի, պաշտամունքը փողի, դավաճանությունն ընկերի...
__________________
1 Հեղձամղձուկ- հեղձուցիչ, խեղդող, ճնշող
¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬ Կրել վրեժխնդրությունը թշնամու, խարդավանքը սիրած կնոջ, խայթը վավաշ տարփանքի, ճիրանները խղճի անքուն գիշերներին,
քաղցած օրերը իր նմանների կուշտ սեղանների առջև...
Թող չքանա կյանքը- այդ անագորույն1 կռիվը հացի համար, կեղեքումը եղբայրների, կրքերի նողկանքը, կեղծիքի գարշանքը,
ստորացումը հարուստների և իշխողների կրունկների ներքո, լլկումը, ապտակումը, թուքն ու մուրը...
Թող չէանա կյանքը, որ տրորում էր մեր սիրտը, հյուծում բանտերի մեջ, որ վաճառք էր հանում խիղճ և ազնվություն,
մայրական սերն ու արցունքները որբի, որ գնում էր համբյուրները սիրո և դափնիները փառքի, որ ծաղրում էր աղքատությունը և ոգին...
Եվ մի՞թե կյանքը տանջանքների այն կուռ շղթան չէ, որ փաթաթված մեր վզով քաշում է մեզ փոշու և փշերի միջով, և մահն է,
որ գալիս փրկում է տառապող մարդուն, խորտակում բռունցքները, սրերը ժանգոտում և վերջ դնում չարին ու բռնակալին, ագահությանը և պատերազմին:
Արժե՞ր ապրել այսպիսի սուղ գնով` տագնապալից տեսիլների այս դժոխքը...
Մահն է, որ ամոքում է մեր վշտերը, մեր դռան անձուկները. նա բալասանն է կյանքի նյութած, անարգանքներին:
Եվ մահը այն բարի շրթունքն է, այն ջինջ ու զով աղբյուրը, որ հագեցնում է կյանքի հուր-ծարավը, լինելու անիմաստ կամքը անէացնում:
Եվ վերջապես, նա ծով հանգիստն է, երանական անդորրը` անհուն նինջը` աներազ, անտենչ:
Փրկիչ է մահը:
Ես կամենում եմ մեռնել...»:
Եվ Անանդան ուզում էր օրհնել մահը և վախճանապես2 հաշտվել նրա հետ և նրան կանչել,
սակայն այդ միջոցին իր բոլոր-բովանդակ էությունը այդ տենչանքի դեմ ըմբոստացավ և հզորապես զգաց նորից մահի ահաբեկիչ սարսուռը և ճիչ արձակեց զարհուրանքով:
- «Ո՛չ, ո՛չ, դու փրկիչ չես. ո՛վ դժնատեսիլ մահ, ես քեզ ատում եմ, իմ հոգում կա ամեն տեսակի կամք ու կարոտ, բայց մահի բաղձանքի ստվերն անգամ չկա:
Ես տեսնում եմ, որ կյանքը մշտնջենական անհաշտ մաքառման մեջ է մահի դեմ, և իմ բոլոր ըղձերն ու տենչերը աղբյուրների և առվակների պես
իրար հյուսվելով ընթանում են մի հունով մահի հանդեպ միայն նրան դիմագրավելու համար:
_________________________
1 Անագորույն- անգութ, դաժան
2 Վախճանապես- վերջնականապես
Ես տեսնում եմ, որ բոլոր իմաստությունները մահի դեմ են ծառանում, և բոլոր կրոնները եղել են մահի սարսափը մեղմելու համար, և ինքնասպանն
իրոք մահից խուսափելու համար է դիմում մահին:
Ճշմարիտն եմ ասում ես, որ իմ մեջ ոչ մի հյուլե և տիեզերքի մեջ ոչ մի հյուլե, ոչ մի հունդ մահ չեն փափագում. մեր ամեն մի քայլը ձգտում է
միայն հեռանալ մահից, մենք ամենքս անմահություն ենք տենչում միայն, տենչալով տենչում:
Անմահության այս հզոր տենչը, այս կամքը անընկճելի բխում է ապրող տիեզերքի անհուն ընդերքից, որպես մի անհրաժեշտություն` ներքին և ներույժ.
հապա ուրեմն ինչո՞ւ է մահը մեր գլխի վրա կանգնած, ինչպես անհագ սարդ, ինչպես ոսկոր, ինչպես դահիճ սուսերամերկ:
Ո՞րն է ճշմարիտը, ո՞րն է սուտը:
Ի՞նչն է ճշմարիտը, ի՞նչն է սուտը»:
Եվ անլույծ մտքերը քաղցած որդերի պես կրծում, քայքայում էին Անանդայի հոգին…
Իսկ ամպրոպները պայթում էին նրա գլխի վերև, շանթերը հոշոտում էին ապառաժները և անդունդները որոտում հազարագոչ:
- «Ես ատում եմ ձեր ճշմարիտն ու սուտը, կյանք և մահ. միակ ճշմարիտը ես եմ, իմ լինելության իմաստն ու կամքը, որն անմահություն է բաղձում:
Ես ատում եմ մահը, որովհետև ես գիտեմ հիմա նրա բոլոր անունները, - նա ինքն է վիշտն ու ցավը, նրա շունչն է թույնը հյուծող,
նա ինքն է հաշմությունն ու ժանտախտը, և բոլոր անանուն տառապանքները մի անուն ունեն միայն` մահ:
Դու ինքդ ես, ո՛վ մահ, ծերությունն ու ախտերը բոլոր, կախաղան, պատերազմ և հուսահատություն, այդ դու ես, միակ դու, բոլոր սոսկումները դու ես:
Դու ոստայն ես հինել, և տարածության ափերից բոլոր ափերը ցանցել ես քո եղեռնական թելերով և խճճել ես այնտեղ
ապրող տիեզերքը և հավերժապես ծծում ես, ծծում ես հույզն ու հոգին գոյությունների, դու գերտիեզերական ահավոր սարդ:
Եթե մահը չլիներ, չէր լինի հիվանդություն և ծերություն, չէր լինի քաղց և կախաղան, որովհետև դու ես,
որ անջրպետները կտրելով խորշակաբեր հազար ու բյուր մրրիկների պես ջնջում ես օազիսները դալար, հովիտները զովաշունչ և անտառները
բամբուկի ու բանանի. դու ես խորտակում թևերը արծվի և երիտասարդի ճակատին դալուկը դնում և մարում բույլերը աստղերի և ամեն ինչ,
ամեն իր մահի անհուն խավարով փաթաթում, մահով շաղախում, մահացնում: Նզովում եմ քեզ, որովհետև դու ես ունայնացնում ամեն մի վեհություն,
շնորհ և գեղեցկություն, դու ես որդերով լցնում մեր հոգու պարտեզները լուսաբույլ և ապականում մեր աղբյուրները ոսկե մրմունջ:
Եվ գռեհիկն ես դու բոլոր գռեհիկներից, որովհետև դու ես հանճարն ու ապշությունը միահավասար դարձնում և դու տաղտկալի ունայնությունն ես, սին,
անմիտ ունայնությունը:
Գարշում եմ քեզնից, դու զազիր, նողկալի մահ, միակ իրական անիմաստությունը, միակ զարհուրանքը, միակ ոճիրը, միակ ոսոխը: Նզովում եմ քեզ,
բյուր-բյուր անգամ, իմ ողջ զայրույթով, դարերի մեռած ու ապրող մարդկանց զայրույթով նզովում եմ քեզ, ո՛վ մահ, վատթար, չարանյութ, եղեռնագործ…»:
Անանդան տակավին չէր ավարտել իր նզովքը, երբ մահը վերստին ցցվեց նրա վհատ աչքերի առաջ, և կմախքի չոր ծնոտները
զարհուրագին չխկչխկացնելով ասաց.
- Օրըդ հասավ, պայմանաժամը լրացավ, Անանդա, պետք է մեռնես:
- Չեմ ուզում մեռնել, չեմ ուզում, հասկանու՞մ ես: Ապրելու իրավունք ունեմ ես, և ո՞վ է քեզ իրավունք տվել սպանել ինձ, սպանել բոլորին դարե՜ր, դարե՜ր,
անհամար սերունդներ խողխողել անպատիժ, անդատ, անընդհատ, դո՛ւ ոճրագործ, մեծ սպանող, տիեզերական մեծ դահիճ,
որ արյունով անհունն ես լցնում և չես հագենում: Գնա, հեռացիր, չեմ ուզում մեռնել…
Մահը նրա այս խոսքերի վրա հռհռաց չոր ծնոտներով, և իր դառնաշունչ ծիծաղից սոսկացին և երերացին Հարա-Բերեզատիի ապառաժները և անդունդ գլորվեցին:
Անանդան սմքեց տեղնուտեղը, դողաց-դողդողաց, ատամներն իրար տվին փշուր-փշուր, աչքերը խավարեցին և նվաղուն ձայնով շշնջաց.
- Ո՛վ մահ, ամենազոր, ահավոր, տիեզերակալ տեր, ներիր ինձ. ես` մի աննշան հյուլե,
հանդգնեցի ծառանալ համաշխարհային ճակատագրի դեմ, որովհետև հուսահատությունս անսահման էր:
Գթա ինձ և թող նորից մի դար ևս ապրեմ, ուր որ ուզում ես` դժոխքների մեջ, օձերի ու կարիճների հետ, օվկիանոսների հատակում,
միայն թե չմեռնեմ, միայն թե չմեռնեմ, միայն թե ապրեմ…
- Ո՛չ,- խստագին պատասխանեց մահը:
- Աղաչում եմ, ո՛վ մեծ, վսեմ մահ, ի՞նչ պիտի շահես արդեն իմ հյուծված հյուլեիցս: Կտրիր իմ ոտներն ու ձեռները, կտրիր իմ լեզուն,
խորտակիր իմ հոտոտելիքն ու շոշափելիքը, ձգիր ինձ ամայի անապատներում, սառցադաշտերում, սակայն թող ինձ իմ լսելիքն ու տեսնելիքը,
որպեսզի լսեմ կշռույթը տիեզերական և տեսնեմ աստղերն ու արևը…
- Ո՛չ, ո՛չ,- որոտաց մահը:
Բայց Անանդան աղերսագին հայացքով նայեց մահին, և իր հայացքի մեջ համայն աշխարհի բոլոր-բովանդակ տանջանքներն էին լեզու առել:
-Պաղատում եմ քեզ, ո՛վ բարեգութ մահ, խլացրու ինձ, հանիր աչքերս, բայց թող ինձ միայն իմ գիտակցությունը, իմ զգացողությունը,
իմ եսը թող ինձ գոնե և թաղիր թշվառիս երկրի խավար անդունդների մեջ, սակայն թող միայն խորհեմ ու զգամ, և տիեզերքը ինձ հետ կլինի,
որովհետև նա չի մեռնի, քանի եսս կա, և ես այդպես կապրեմ դարե՜ր, դարե՜ր, տիեզերքի հետ հավիտյան գոհ ու երջանիկ, շնորհ արա, աղաչում եմ…
- Ո՜հ, ինչ մուրացկանն ես եղել,- ասաց մահը,- մի դար միայն, և ոչ մի վայրկյան ավելի…
Եվ մահը դարձյալ գնաց:
Անանդան այլևս ոչինչ չեր լսում, այլևս ոչինչ չեր տեսնում, չուներ ձեռք ու ոտք, չուներ հոտոտելիք ու ճաշակելիք և չէր կարող շոշափելով իմանալ,
թե ո՞ւր է ինքը:
Անանդան` խուլ և կույր, համր և անշարժ ընկած էր լեռնագագաթին և խորհում էր իր հոգու մեջ:
Եվ շուրջանակի հազարաբերան մռնչում էին հողմերը, և կայծակները շանթում ժայռերը, բայց Անանդան ոչինչ չէր լսում, ոչինչ չէր տեսնում:
Նա իր հոգու խորքում գոհ էր, որ մահը հեռացավ իրենից գոնե մի դար ևս:
Եվ խորհում էր նա,- «մահը` այդ մեծ եղեռնագործը, այդ անհաղթելի թշնամին, ոչնչացրեց իմ լսելիքն ու տեսանելիքը և իմ բոլոր զգայարանները,
սակայն մնում է իմ հոգին:
Եվ իմ հոգին խորհում է, ուրեմն ես կամ, ես ապրում եմ, և որովհետև ես կամ, ուրեմն կա և տիեզերքը, եթե ես կամ, և կա տիեզերքը,
ապա ուրեմն չկա մահը:
Սակայն մահը կա, որովհետև ես տեսա նրան և զգացի անսահմանության սարսափը նրա հանդեպ և ոչնչության զարհուրանքը:
Բայց ի՞նչ է ոչնչությունը, ի՞նչ է ոչինչը :
Ես չեմ ըմբռնում, ես չեմ կարող ըմբռնել ոչնչությունը…»:
Եվ խոշտանգիչ հարցերն ու խոհերը Անանդայի անհուն ներաշխարհում ծագում ու մայր էին մտնում, հավաքվում ու ցրվում էին,
ինչպես ալիքները անեզրական օվկիանոսում. և ժամանակը հոսում էր պոկելով Հարա-Բերեզատիի գագաթից մռայլ ապառաժները:
- «Եթե արդարև մահը ոչնչացնում է ինձ և տիեզերքը, ապա ի՜նչ է մնում մեր տեղը` անլույս, անափ, անհուն մի պարապ, ամեն ժամ և ամեն վայրկյան:
Կնշանակե` մահը անզոր է ոչնչացնելու ժամանակն ու տարածությունը, ուրեմն ժամանակ-տարածությունը հզոր է մահից,
գերագո1 և գերազանց է նրանից և միակ իրականն է և անմահը: Եվ որովհետև ես եմ ստեղծել ժամանակ-տարածությունը,
իմ ոգու դրսևորումն է նա իմ կյանքի ու մտքի առարկայացումը, ապա ուրեմն ես հզոր եմ մահից, ու անմահ է իմ սերը:
Կյանքն է ամենազորը, հավերժականը և իրականը, իսկ մահը` սոսկ մղձավանջ: Եվ տիեզերական կյանքի մեջ խրված է մահը,
նրա շուրջը կյանք է իշխում, ինչպես օվկիանոսը գերեզմանային կղզու շուրջն է իշխում:
Եվ ես գիտեմ հիմա, որ մահը մի սրարշավ փոթորիկ է, որ հորձանք է տալիս կյանքի կալվածքների մեջ և ավերումներ նյութում միայն:
___________
1 Գերագո – ամեն ինչից վեր, ոչ մի բանից կախում չունեցող
Սակայն անմահ եմ ես, որովհետև մահը չի կարող անէացնել իմ եսը` ժամանակ-տարածությունը:
Ես եմ իրը մշտագո, հավերժ ու անփոփոխ, իսկ մահը` երևույթ միայն:
Այժմ թող գա մահը, ես չեմ երկնչում նրանից»:
Եվ Անանդան անդորրացած լռեց, լռեց տարիներ և նորից տարիներ, անտարբեր սպասելով պայմանաժամի լրացմանը:
Եվ տարիները համր ու անվրդով անցան, մինչև վերստին երևաց մահը:
Եվ մահը ծնոտները խստասիրտ չխկչխկացնելով հրամայեց.
-Մեռի՛ր, Անանդա:
Անանդան չլսեց, բայց զգաց մահի հրամանը:
- Ես քեզնից չեմ վաղենում, ո՛վ մահ,- անհողդողդ ասաց Անանդան.– ես հզոր եմ քեզնից, անեզերական է և հավերժական
իմ եսը` ժամանակ-տարածությունը, որի մեջն ես դու ոճրագործում և որը դու անզոր ես հաղթահարել: Արդ, մեռցրու ինձ, եթե կարող ես…
Զայրագին հռհռաց մահը և Անանդային կատաղի թափով նետեց անդունդ, ուր ահեղամռունչ օվկիանոսն էր եռում սև ու ծանր ալիքներով` գալար-գալար…
¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬
Վ Ե Ր Ջ