21:23 Ես ու՞մ ցավակցեմ, եթե իմ 4 զավակներն են զոհվել |
![]() Թողեք գոնե մի քանի օր ինքս ինձ հետ լռության մեջ մնամ: ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում,ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.: Կան վիրավորներ: Զոհված հայորդիները բոլորիս զավակներն էին: Նրանց ծնողները Նորայրին, Ռոբերտին, Հարութին, Կարենին ուղարկել էին սահման, որ մեզ` բոլորիս, պաշտպանեն: Այդ պահից նրանք բոլորիս զավակներն էին: Հիմա ես ինչպես տանեմ վիշտը և կորստի ցավը: Ես ու՞մ ցավակցեմ, եթե իմ զավակներն են զոհվել: Ինքս ինձ ոնց սփոփեմ…. Թողեք գոնե մի քանի օր ինքս ինձ հետ լռության մեջ մնամ: Առեք ձեր Սահմանադրության Ոչ-ն ու Այո-ն և ձեր համապատասխան տեղը մտցրեք, եթե չենք կարողանում իմ զավակների կյանքի իրավունքը պաշտպանել: Առեք ձեր տնտեսական աճի հեքիաթներով լիքը թղթերը, ծամեք և կուլ տվեք, որ գոնե մի պահ լռություն լինի, մարդ տեսնի ոնց է դիմանալու այս ցավին: Թող Այբբենարանը չտեսած գեներալներ չհայտնվեն էկրաններին գոնե մեկ շաբաթ, մինչև կհաղթահարվի մինչև վերջին խոսքը հայհոյելու անդիմադրելի ցանկությունը: Դե հակադարձեք, ասեք որ պատերազմ է: Եթե պատերազմ է, ինչո՞վ ենք զբաղված Բագրատաշենից մինչև Երևանի Մանումենտի պալատներն ու հարավ` մինչև Մեղրի: Միթե պատերազմող ազգի կենսաձև է սա: Հետևեք լրահոսին և կտեսնեք, մենք պատերամի մեջ գնտվող ազգ ենք, թե` զվարճանքների ու կոռուպցիոն հաջողված գործարքների արանքներում մնացյալ ժամանակում ինքներս մեզ բզկտող անորոշ հավաքականություն: Ազնվորեն ասեք, հիմա մենք պատերազմի մեջ ե՞նք, թե սեփական ժողովրդին տանջելու ու հյուծելու խաղաղ զվարճանքի մեջ: Էդիկ Հովսեփյան |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |