Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 04 » Հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարվել է:
22:13
Հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարվել է:

10:38 Ծաղկավանի համայնքապետ Նաիրի Աթաբեկյանը մեր զրույցում ասաց, որ գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն եղել: ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ Սեւքար գյուղում ադրբեջանական կողմից հրետանի՞ է կիրառվել, ինչին ի պատասխան Հովհաննիսյանն ասաց, որ կիրառվել են ականանետեր: Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը մեզ  հետ զրույցում նշեց, որ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը այս պահի դրությամբ բաց է ու տրանսպորտային հոսք կա: Ճանապարհը փակվել էր գիշերը՝ գնդակոծությունների արդյունքում:

10:15 Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ երեկ երեկոյան Դիլիջանի բժշկական կենտրոնում լրացուցիչ մահճակալներ են դրվել՝ չբացառելով վիրավորների հոսքը սահմանամերձ գյուղերից: Մեր տեղեկություններով՝ հիվանդանոցի բուժաշխատողները ստորագրություն են տվել քաղաքից չբացակայելու համար:

10.00 Երեկ երեկոյան, մեր տեղեկություններով, Բերքաբեր գյուղի բնակիչներին տարհանելու որոշում է կայացված եղել, բայց ադրբեջանցիների կողմից գնդակոծությունը այնքան ինտենսիվ է եղել, որ ակնհայտ է դարձել, որ բնակչության համար ավելի անվտանգ է նկուղներում պատսպարվել, քան դուրս գալ տներից: Մանավանդ որ, Բերաքբերից դուրս եկող ճանապարհի որոշակի հատվածներ նույնպես գտնվում են ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ:

09.30 Գիշերը Սեւքար, Ներքին Ծաղկավան, Բերքաբեր հատվածում անցել է հարաբերական անդորրի պայմաններում: Համենայնդեպս՝ ստորեւ նկարագրված դեպքերից հետո էական միջադեպեր չեն արձանագրվել: Երեկվա իրադարձությունների առանձնահատկությունը Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղն է: Ինչպես նշել ենք, այս գյուղը բավական հեռու է սահմանից, որպեսզի ադրբեջանցիները կարողանային ականանետով հարված հասցնել նրան: Չնայած պաշտոնական հաստատում չկա, բայց միանշանակ է, որ Սեւքարը խոցվել է հրետանու կողմից: Ընդ որում, գյուղում պայթել հինգ արկ: Նշենք, որ վերջին անգամ այս գյուղում նման միջադեպ եղել է 90-ականների սկզբներին:

00.13 Ինչպես տեղեկացրեց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը իրենց գյուղում նույնպես գնդակոծություն է եղել: Aravot.am-ը քիչ առաջ տեղեկություն էր տարածել, որ Կոթիի երկու բնակիչ դրա արդյունքում վիրավորվել են ու տեղափոխվել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Վիրավորների վերաբերյալ մեր հարցին գյուղապետը չպատասխանեց:

23.54 Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրեսս»-ի հետ զրույցում հայտարարել է. «Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»:

23.47 Ներքին Ծաղկավանը նույնպես գնդակոծվել է:  Ծաղկավանի համայնքապետ Նաիրի Աթաբեկյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ գնդակոծությունը սկսվել է ժամը 20:00-ին եւ տեւել ավելի քան մեկ ժամ: «Տուժածներ չկան, դրա արդյունքում անասնագոմ է վնասվել, անասնագոմի մի պատը փլվել է ու տանիքն է վնասվել»,-ասաց Նաիրի Աթաբեկյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետ: Աթաբեկյանը հաստատեց, որ գնդակոծության պատճառով Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է: Ներկայումս հարաբերական անդորր է հաստատված, չնայած վիճակը շարունակում է մնալ լարված:

23.30  Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Դիլիջանում կանգնեցնում է մեքենաները եւ Թիֆլիս ուղեւորվողներին տեղեկացնում, որ Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհը փակ է, եւ անհրաժեշտ է Թբիլիսի մեկնել Վանաձոր-Ալավերդի ճանապարհով:

23.16  Սեւքարի համայնքապետ Թաթուլ Թելոյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանին, բացի այդ՝ կրակոցներ են եղել նաեւ գյուղի ուղղությամբ: Նա հաստատեց, որ գնդակոծության արդյունքում վնասվել է Սեւքարի բնակելի տներից մեկը. «Տունը վնասվել է, բայց մարդկանց բան չի եղել, ամեն ինչ նորմալ է: Հիմա ես չեմ կարող ասել՝ տունը շատ է վնասվել թե ոչ»,-ասաց Թելոյանը: Հարցին, թե ադրբեջանական կողմից հրետանի՞ է գործարկվել, գյուղապետը պատասխանեց, որ չի կարող ասել, դա կերեւա առավոտյան՝ վստահեցնելով, որ այս պահին ամեն ինչ նորմալ է:

23.10 Մեր տեղեկություններով պայթյուններ են որոտացել Սեւքար գյուղում: Ըստ որոշ տեղեկությունների բնակելի տուն է վնասվել: Սեւքար գյուղի հեռավորությունը սահմանից ենթադրում է, որ գործարկվել է հրետանի: Որոշ տեղեկություններով պայթյուն է որոտացել նաեւ Ծաղկավան գյուղում:

23.00 Րոպեներ առաջ մեզ հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարվել է: Մեր տեղեկություններով փակ է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որով իրականացվում է Երեւան-Թբիլիսի երթեւեկության զգալի մասը: Այժմ մենք մանրամասներ ենք ճշտում:

Դիտումներ: 409 | Ավելացրեց: hovo | Տեգեր: adrbejanakan, sev, sahmani, Hay, qar | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar