22:51 Ադրբեջանը հայտարարել է գրոհի նախապատրաստության մասին |
![]() Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ հանձնարարություն է տվել զինուժին ադրբեջանական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հայկական կրակոցների դեպքում «անհապաղ կրակ բացել թշնամու ուղղությամբ»: Ընդ որում, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարության մեջ ասվում է, որ կրակ բացեն հրազենի համար անհասանելի բնակավայրերի եւ հայկական դիրքերի ուղղությամբ՝ ադրբեջանական զինուժի տրամադրության տակ եղած խոշոր տրամաչափի զենքերից: Փաստացի, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է հայկական սահմանամերձ բնակավայրերի եւ հայկական դիրքերի հանդեպ հրետանային գրոհի նախապատրաստության մասին: Թե ինչ խոշոր տրամաչափի սպառազինության մասին է խոսքը, դա վերաբերում է նաեւ տանկերի՞ն, պարզ չէ: Փաստացի, դա քայլ է այն ուղղությամբ, որ կանխատեսվում էր, թե Բաքվի օլիմպիադայից հետո Ադրբեջանը կարող է դիմել խոշոր ռազմական սադրանքի: Ռուսաստանցի փորձագետները կանխատեսում էին նույնիսկ, որ դրանում կարող են ներառվել տանկեր: Հասանովը իր հրամանը «հիմնավորել» է Ադրբեջանի բնակավայրերի ուղղությամբ իբրեւ Հայաստանի կողմից հաճախակիացած կրակոցներով: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հայտարարել էր ավելի վաղ, որ այդ կրակոցների մասին ադրբեջանական տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Բաքվի համար այդ ամենը հանդիսանում է գրոհի անցնելու քարոզչական նախապատրաստության մաս: Ընդ որում, նախապատրաստությունը կարծեք թե եղել է ոչ միայն քարոզչական: Հետաքրքիր է, որ հուլիսի 14-ին տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Բաքվում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի հետ: Ըստ հաղորդագրության, Խոսք է գնացել ռազմական ոլորտում գործակցությունը վերականգնելու մասին: Բայց, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը անդրադարձել է ԱՄՆ արտաքին գերատեսչության Ադրբեջանի հանդեպ «երկակի ստանդարտներին», ասելով, թե չպետք է թույլ տալ, որ քաղաքական գործիչները խանգարեն ռազմական գործակցությանը: Դրանից առաջ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական կոշտ քննադատության էր ենթարկել Արեւմուտքին, մասնավորապես եվրոպական կառույցներին ու Գերմանիային, հայտարարելով, որ իրենք չունեն Արեւմուտքի կարիքը, այլ Արեւմուտքն իրենց նավթի ու գազի կարիքն ունի: Ըստ ամենայնի, Բաքուն դիմում է նախապատերազմական շանտաժի: Արեւմուտքի հետ խոսակցության տոնը, «երկակի ստանդարտների» համար մեղադրանքը վկայում են, որ Ադրբեջանը հայտնվել է բավական աննպաստ վիճակում եւ ներկայում սպառնում է այդ վիճակից դուրս գալ պատերազմով: Բաքվի աննպաստ վիճակի մասին է վկայում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը ռուսական Վեդոմոստի թերթին: Ամերիկացի համանախագահը Մոսկվա է մեկնել Արցախի խնդրի կարգավորման թեմայով խորհրդակցությունների: Մի քանի օր առաջ համանախագահները խորհրդակցության էին Վաշինգտոնում, իսկ մի քանի օր անց էլ պատրաստվում են այցելել տարածաշրջան: Ուորլիքը ասել է, որ ռազմական բախման հավանականությունը բավական մեծ է: Նա այդ կապակցությամբ արել է բավական ուշագրավ հայտարարություն. «Մենք չենք ցանկլանում, որպեսզի կողմերից որևէ մեկը ուժերի հարաբերակցության հարցում առավելության հիման վրա դիմի ռազմական գործողությունների: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի ռազմական վտանգավոր իրադրության ավելի մեծ հատված լինի կառավարելի»: Փաստացի, այդ հայտարարությամբ ԱՄՆ իր հավանությունն է տալիս արդիական սպառազինության կամ այսպես ասած Իսկանդերի տրամադրման հայ-ռուսական գործարքին, միաժամանակ ԱՄՆ արձանագրում է, որ տարածաշրջանային կայունության պահպանման հարցում առանցքային գործոն է հայկական զինուժը: Փաստացի, հայկական զինուժին տրվում է հրադադի խախտման դեպքում կայունությունը վերականգնելու միջազգային իրավունք, ինչը կարող է նշանակել, որ Ադրբեջանի կողմից ռազմական մասշտաբային սադրանքի դեպքում հայկական զինված ուժերը միջազգայնորեն լեգիտիմ իրավունք են ստանում ապահովել դիրքային այնպիսի հարաբերակցություն, որը Բաքվին ոչ միայն կստիպի հրաժարվել ռազմական շանտաժից, այլ պարզապես կզրկի դրա դիրքային ֆիզիկական հնարավորությունից: Խոսքը նոր դիրքեր վերցնելու, անվտանգության նոր գոտի ձեւավորելու մասին է: Բացառված չէ, որ հայկական կողմին այդպիսով տրվում է նաեւ կանխարգելիչ գործողությունների «միջազգային իրավունք», ավելի մեծ լարում եւ սադրանք թույլ չտալու համար: Ուորլիքը հետաքրքիր դիտարկում է անում նաեւ ազատագրված տարածքների մասով: Նա ասում է, որ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, բայց չի կարելի այդ հարցը դիտարկել առանձին վերցրած: «Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մի տարրի կամ մի սկզբունքի վրա։ Տարածքները պետք է վերադարձվեն, բայց կան այլ գործոններ։ Այդ պատճառով էլ մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորան մասին. չի կարելի վերցնել միայն մեկ տեսակետ և պնդել, որ դա կարգավորման հիմքն է»: Այդպիսով, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն ըստ ամենայնի ակնարկում է, որ ներկայում սեղանին դրված է ոչ թե տարածքների վերադարձի հարցը, ինչպես կկամենար Ադրբեջանը, այլ Արցախի կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքների: Ուորլիքը հայտարարում է, որ չնայած ԱՄՆ-Ռուսաստան լարվածությանը, Արցախի հարցում երկու երկրները ունեն «իսկապես» համընկնող մոտեցում: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Բաքուն փաստացի ծավալուն գրոհի նախապատրաստության մասին հայտարարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության մասին հայտարարությունից ժամեր անց: Համաձայնություն, որը կարող է էապես փոխել տարածաշրջանային իրավիճակը եւ լուրջ տնտեսա-քաղաքական մրցակցային վեկտորներ առաջադրել եւ խախտել մինչ այժմ գոյություն ունեցող ռուս-թուրք-ադրբեջանական «մենաշնորհը»: Փաստացի, մոնոպոլիստները մրցակցային հեռանկարին սպառնում են պատերազմով: Կանցնի՞ արդյոք այդ շանտաժը, կախված է ԱՄՆ-ից: Իրանի հետ համաձայնության բարդ խնդիրը լուծելուց հետո, պետք է որ անլուծելի չլինի ադրբեջանական շանտաժի խնդիրը: Ամբողջ հարցը գուցե այն է, թե լուծման ինչ մեթոդաբանություն կնախընտրի ԱՄՆ՝ արգելակե՞լ եւ թույլ չտալ հրադադարի որեւէ խախտում, թե՞ պատժել եւ դրանով հարցը ընդհանրապես հանել օրակարգից: Երկու դեպքում էլ առանցքային է լինելու հայկական զինուժի դերակատարումը: - <<նյութի աղբյուը www.lragir.am>>
Ադրբեջանը հայտարարել է գրոհի նախապատրաստության մասին
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/117618#sthash.8IESoe7m.dpuf
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |