| Անեկդոտի անթոլոգիա |

Յուրաքանչյուր ժողովրդի շատ հեռավոր անցյալում, երբ դեռ գոյություն չուներ գրավոր խոսքը, գտնվում է այդ ժողովրդի բանահյուսության աղբյուրը: 
Բանահյուսության մեջ բազմակողմանիորեն արտահայտվում էին ժողովուրդների հույսերն ու ձգտումները, բարոյական նորմերը, 
գեղագիտական հայացքներն ու գաղափարախոսությունը:Ասում են անեկդոտն էլ ծնվել է մարդկային քաղաքակրթության այգաբացին, 
գուցեև ավելի շուտ, և այդ ժամանակից մարդկությունը ծիծաղել է ու գոյատևել: Ամերիկացի ֆանտաստ Այզեկ Ազիմովը գտնում էր, 
որ անեկդոտները ներմուծվում են Երկիր այլմոլորակային քաղաքակրթություններից: Այս եզրակացությունը գերխելոք երևալու ցանկությունից է: 
Անեկդոտները, որպես կանոն, ծնվում են ոչ լավ հոգևոր և բարոյական հասարակական կյանքից, նրա խառնիխուռն, քաոսային վիճակից: Հակառակը՝ բացառություն է:
Անեկդոտը փոքրածավալ ժողովրդական ստեղծագործություն է, որի հիմնական մասը սրամտությունն է, 
մարտական տրամադրությունը հասարակական կյանքի կամ առանձին անհատների բացասական կողմերի նկատմամբ: 
«Գրական արտահայտությունների բառարանում» անեկդոտը (հունարեն՝ «anecdotos») բացատրվում է որպես կարճ բանավոր պատմվածք՝ սրամիտ ավարտով: 
Ժողովրդական անեկդոտների գործողությունների կենտրոնում միշտ գտնվում է ժողովրդից դուրս եկած կերպարը: 
Անեկդոտները կարող են ունենալ երգիծական (սատիրա) և կատակային նրբերանգ: Հնագույն «անեկդոտային ձևերը» 
(բառախաղ, կալամբուր) հեշտությամբ հարմարվում են ցանկացած առօրյա բովանդակության: 
Շատ անեկդոտներ, պատմված լինելով վաղ ժամանակների երևույթների ու դեպքերի մասին, այժմ էլ գերում են իրենց սրամտությամբ ու կերպարների ստեղծման վարպետությամբ:

Անեկդոտի գեղարվեստական ձևը բնութագրվում է պարզությամբ և ամբողջական կառուցվածքով: Պատմությունը սկսվում է առանց նախերգանքի, 
հիմնական բովանդակային գիծը սովորաբար չունի երկրորդական ճյուղավորումներ և մանրամասներ, չի պարունակում տեղի, ժամանակի կամ գործող անձանց բնութագրեր: 
Հաճախ այն իրենից ներկայացնում է կարճ ու բովանդակալից երկխոսություն, որից պարզ է դառնում դրականն ու բացասականը, նրանց միջև բախման ու հակամարտության էությունը: 
Անեկդոտի ավարտը անսպասելի հանգուցալուծումն է: Ոչ մի լրացում կամ բացատրություն: 
Թեմայից կախված, անեկդոտում օգտագործվում են կամ բարեհոգի հումոր՝ կոմիկական կամ անսովոր իրավիճակի կապակցությամբ, կամ քիչ թե շատ կծու հեգնանք՝ չմտածված, 
պայմաններին չհամապատասխանող արարքների նկատմամաբ, կամ էլ սուր երգիծանք: Առաջին անգամ անեկդոտ բառը որպես տերմին օգտագործվել է Բյուզանդիայում 
Պրոկոֆիոս Կեսարացու «Գաղտնի պատմություն»-ում (VII դ.):

Մի ժամանակ անեկդոտներին էին վերագրվում կարճ բանավոր պատմությունները. ֆաբլիոն ու ֆացետին՝ Իտալիայում, ժողովրդական կենցաղային հեքիաթները՝ Ռուսաստանում: 
Անեկդոտը, որպես փոքրիկ նովել, կարող է զարգանալ հենց նովելի մեջ (Ջ. Բոկաչո, Ա. Չեխով): 
20-րդ դարում անեկդոտի վարպետ կարելի է համարել Բ. Բրեխտին, Ֆ. Վայսկոպֆին: 
Բոլոր դասագրքերում ասվում է, որ երգիծանքը (սատիրան) ծաղկում է բացառապես հասարակական կյանքում ճգնաժամերի, կատակլիզմների, բեկումների ընթացքում: 
Քաղաքական բժշկության համար միայն խելքը քիչ է: Անհրաժեշտ է հումոր, հեգնանք: Օրինակ, յուվինիլյան սատիրան մտրակում էր Հռոմը կայսրության անկման ժամանակ:

Մարդիկ կարող են մինչև վերջ չլսել երկար խրատական պատմությունները, իսկ անեկդոտը լսում են մինչև վերջ և միշտ հաճույքով: 
Այն ավելի հետաքրքիր է, երբ պատմվում է տեղին և որևէ առիթով: Եթե մարդը կարողանում է մեկ անեկդոտով արտահայտել այն միտքը, 
որ քննարկում էին բոլորը մի քանի ժամ, նա իսկական վարպետ է: Նկատել եք արդյոք, որ վերջերս կարծես պակասել են լավ անեկդոտները: 
Խայթը, կծվությունը բացկայում է, շատացել է գռեհկությունը: Բայց երբեմն հանդիպում են պատմություններ, որոնք այլ կերպ, քան անեկդոտ, չես անվանի:

Աշխարհի բոլոր ժողովուրդներն ու ազգերն ունեն իրենց անեկդոտները, որոնց թեման անսպառ է: 
Եվ յուրաքանչյուր ազգ ունի իրեն հատուկ վերաբերմունք տվյալ հարցադրման կան իրավիճակի նկատմամբ:
Խնդրեմ.

— անգլիացին ունի կին և սիրուհի, սիրում է կնոջը,
— ֆրանսիացին ունի կին և սիրուհի, սիրում է սիրուհուն,
— հրեան ունի կին և սիրուհի, սիրում է մայրիկին,
— ռուսն ունի կին և սիրուհի, սիրում է օղի:

Գոյություն ունի ազգային հակակրանքի հասկացողություն, որը պարտադիր չէ, որ պատերազմների հասցնի: 
Այն արտահայտվում է անեկդոտների՝ «քորոցի ծակոցների» միջոցով: Ֆրանսիացիներն, օրինակ, այնքան էլ չեն սիրում անգլիացիներին: 
Նրանք էլ նույն դրամով են հատուցում: Ուստի նրանց հումորի զգալի մասը վերաբերվում է հարևանին: Գլխավորը՝ ապացուցել իր ազգի առավելությունը: 
Սոցիալական և միջէթնիկական լարվածության աճի պայմաններում անեկդոտները «ներքին լարվածության լիցքաթափման լավ միջոց են», 
— ասում է հոգեբան Սուսաննա Հախվերդյանը: Ազգային անեկդոտն անպայման խաղարկում է թե՛ իր, թե՛ այլ ժողովուրդների մասին ձևավորված պատկերացումները 
(ռուսների անհոգությունը, ալարկոտությունը, օղի սիրելը, ուկրաինացիների ժլատությունը, խոզի ճարպի համար խենթանալը, և իհարկե, խմիչք (հորիլկա) սիրելը, 
վրացիների սիրառատությունն ու հարստությունը, հրեաների խելքը, խորամանկությունը և միշտ ճարպկորեն հարմարվելու ունակությունը): 
Մեծ ժողովրդականություն են վայելում անեկդոտները, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչները հայտնվում են նույն իրավիճակում, 
որից դուրս պրծնելու հնարքները ծիծաղ ու հիացմունք են առաջացնում: Օրինակ՝ կինը ժամանակ է անցկացնում սիրեկանի հետ, հանկարծ ներս է մտնում ամուսինը.

— Գերմանուհին նայում է ժամացույցին և հանդիմանում ամուսնուն.
— Հանս, դու ամբողջ 3 րոպե շուտ ես եկել:

— Ֆրանսուհին, իրեն չկորցնելով, հրում է սիրեկանին՝ ասելով.
-Պիեռ, մի փոքր կողմ քաշվիր, երեքով ավելի ուրախ կլինի:

— Հրեուհին, մի վայրկյան միայն կորցնելով ինքնատիրապետումը, զարմացած ասում է.
— Իսահակ, դու՞ ես: Իսկ ո՞վ էր պառկած անկողնում, իմ կողքին:

— Ռուս կինն անմիջապես ծնկի է գալիս և հուսահատ գոռում.
-Պետյա, սիրելի՛ս, միայն ոչ մռութիս, վաղը աշխատանքի եմ գնալու:

Վերջում նշեմ, որ ծիծաղը ամենագործուն հակասթրեսային թերապիան է: Հոգեբանները գտնում են, որ պարբերաբար ծիծաղելու դեպքում երբեք և ոչնչով չես հիվանդանա: 
Սիրտն ավելի ռիթմիկ է աշխատում, լավանում է արյան շրջանառությունը և օրգանիզմին թթվածնի մատակարարումը: 
Ուժեղանում է նույնիսկ իմունային համակարգը, իջնում է արյան ճնշումը: 
Եվ ամենակարևորը, ծիծաղն «արտադրում» է այսպես կոչված «երջանկության» հորմոն, ինչի արդյունքում տրամադրությունն անմիջապես բարձրանում է: 
Իսկական անեկդոտը… Սակայն ինչու՞ բացատրել: Կարդացեք:

Լև Օգանեզով - humor.am

|1|2|3|4|5|6|

© 2014 - 2015 with.do.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հղումը կայքին պարտադիր է: